Ինչ է աբլացիան

20-րդ դարի վերջից սկսվեց աբլացիայի կիրառումը բժշկության ոլորտում։ Հայաստանում աբլացիայի մեթոդը ներդրվել է 2016 թվականին։ Մինչ օրս, իրականացրել ենք 200-ից ավելի աբլացիա։

Աբլացիա տերմինը նշանակում է օջախի կամ հյուսվածքի ոչնչացում, քայքայում, ինչը տեղի է ունենում ֆիզիկական կամ քիմիական գործոնների անմիջական ներգործության արդյունքում։ Ֆիզիկական աբլացիայի առավել կիրառվող տեխնոլոգիաներն են՝ ռադիոհաճախական աբլացիան՝ ՌՀԱ (Radiofrequency ablation RFA), միկրոալիքային աբլացիան՝ ՄԱԱ (Microwave ablation), կրիոաբլացիան (Cryoablation), անհակադարձ էլեկտրոպորացիան (Irreversible electroporation), լազերային աբլացիան (laser ablation) և բարձր ինտենսիվությամբ ֆոկուսավորված ուլտրաձայնը (High-intensity focused ultrasound, HIFU):

Ֆիզիկական աբլացիայի տեխնոլոգիայի կիրառման ժամանակ անմիջապես հյուսվածքի մեջ ներմուծված էլեկտրոդի միջով միկրոալիքներ կամ ռադիոհաճախական ալիքներ են փոխանցվում՝ հյուսվածքում ջերմաստիճանը բարձրացնելով մինչև 90-110օ, ինչի արդյունքում առաջանում է հյուսվածքի ոչնչացում՝ մեռուկացում։

Քիմիական աբլացիայի կիրառվող տեխնոլոգիաներից են էթանոլի կամ քացախաթթվի ներարկումը անմիջապես հյուսվածքի մեջ։ Այս տեխնոլոգիայով բուժմանը շատ լավ ենթարկվում է լյարդաբջջային քաղցկեղը։

Ֆիզիկական աբլացիան ունի առավելություն քիմիական աբլացիայի նկատմամբ՝ բուժման էֆեկտի առումով։ Աբլացիայի արդյունքում դենատուրացիայի են ենթարկվում ուռուցքային հյուսվածքի սպիտակուցները, ինչը հանգեցնում է աբլացիայի ենթարկված օջախի ոչնչացման:

Համաշխարհային հավաքական փորձը և հրապարակված տվյալներն ապացուցել են աբլացիայի նշանակալից դերը չարորակ ուռուցքների բուժման հարցում։ Աբլացիան կիրառվում է որպես ինքնուրույն բուժական մեթոդ կամ զուգակցվում է բուժական այլ մեթոդների հետ (քիմիաթերապիա, վիրահատական բուժում)։ Աբլացիան բուժական բարձր արդյունավետություն է ցուցաբերում լյարդի առաջնային քաղցկեղի, երիկամաբջջային քաղցկեղի, թոքի առաջնային քաղցկեղի, կրծքագեղձի քաղցկեղի, լյարդի մետաստատիկ ախտահարումների (կոլոռեկտալ քաղցկեղի, նեյրոէնդոկրին քաղցկեղի, կրծքագեղձի քաղցկեղի մետաստազներ), թոքերի մետաստատիկ ախտահարումների (կոլոռեկտալ քաղցկեղի, նեյրոէնդոկրին քաղցկեղի, կրծքագեղձի քաղցկեղի մետաստազներ) բուժման մեջ։

Այն ռադիկալ բուժական արդյունք է ցուցաբերում վահանաձև գեղձի բարորակ հանգույցների բուժման մեջ, ինչպես նաև ոսկրային բարորակ նորագոյացությունների՝ օստեոիդ օստեոմայի բուժման հարցում։ Աբլացիան, ինչպես և ցանկացած բուժական մեթոդ, ունի իր ցուցումները և հակացուցումները։

Աբլացիան կիրառելի է ոչ մեծ քանակով և 4 սմ չգերազանցող ուռուցքային օջախների պարագայում: Կատարվում է հիմնականում մաշկընթաց (միջմաշկային) եղանակով, ուլտրաձայնային կամ համակարգչային տոմոգրաֆիայի պատկերների հսկողության ներքո: Բացի մաշկընթաց եղանակից, աբլացիան կիրառվում է նաև բաց կամ լապարասկոպիկ վիրահատությունների ժամանակ: Մաշկընթաց աբլացիան նվազագույն ինվազիվ լոկոռեգիոնալ բուժման մեթոդ է և հիմնականում ուղեկցվում է բուժառուի կարճաժամկետ հոսպիտալիզացիայով: